Դպրոցի պատմությունը

 

     
 << ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ԱԻսահակյանի անվան թիվ 2
  հիմնական դպրոց >>    ՊՈԱԿ

 

Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի Մեծ Ղարաքիլիսա գյուղում առաջին դպրոցը   /եկեղեցական-ծխական/ բացվել է 1853թ. աշնանը,Կարապետ քահանա Տեր-Պետրոսյանի  ջանքերով:

1856թ. Գևորգ և Միքայել Խանզադյանները սեփական միջոցներով կառուցում են մեկ սենյակ և հատկացնում դպրոցին:Հոգաբարձուների, հոգևորականների, առանձին մարդկանց ջանքերով միջոցներ են հավաքվում և կառուցվում է դպրոցական նոր շենք, որի կառուցումն ավարտվում է 1879  թվականին:                                                                                                                                                                                                                                                       
        1897թ. սեպտեմբերի 1-ին Ղարաքիլիսայում բացվում է պետական երկդասյա դպրոց /հետագայում թիվ 2 դպրոց/,որը պահպանվում է Երևանի նահանգի զեմստվայի հիմնարկների միջոցներով:Դպրոցն ուներ 2 հա  հողամաս:                                                                                         
        1911թվականին  դպրոցական շենքը /կառուցված 1879թ./ հրդեհվում է, և դպրոցական նոր շենքի հարցը լուծվում է Սողոմոն և Ալեքսանդր Աբովյանների  միջոցով:                                                            
        Դեռ 1905թվականին եղբայրները զորանոցի նպատակով կառուցված սեփական շենքը, որոշ վերակառուցում կատարելուց հետո նվիրում են դպրոցին:Շենքը բաղկացած էր 16 սենյակից, որից 13-ը՝ դասասենյակներ, մեկը՝ուսուցչանոց, իսկ մյուսներն օգտագործվում էին ուսումնա-օժանդակ նպատակների  համար:                                                                                                                                
         Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո այդ շենքում տեղավորվեց նորաբաց առաջին աստիճանի աշխատանքային և Ավ.Իսահակյանի անվան N 2 դպրոցները:Մինչև 1935թվականը N2 դպրոցն ուներ նաև ռուսական դասարաններ: Պատերազմական պայմանները փոփոխություն մտցրին խորհրդային դպրոցի կյանքում: Քաղաքի ուսուցիչներից շատերը մեկնեցին ռազմաճակատ, մեկնեց նաև N 2 դպրոցի տնօրեն՝ Բաբկեն Նահապետյանը:Նա առանձնապես աչքի ընկավ իր քաջագործություններով և զոհվեց  ռազմաճակատում:                                            
         1944 -1945 ուստարվանից դպրոցները բաժանվեցին իգականի և արականի: N 2 դպրոցը դարձավ արական:Այդպիսի բաժանումը պահպանվեց մինչև 1954-1955 ուստարին:            
         Հետպատերազմական տարիներին դպրոցաշինությունը արագ թափ ստացավ , և 1965թ.    շահագործման հանձնվեց հարմարավետ դպրոցական շենքը՝ Մ.Հերացու փողոցի  վրա:                
         1945-1946թթ. դպրոցի տնօրենն է եղել Թառփոշյանը, 1946-1949թ.թ.՝Եղիշե     Սարիբեկյանը, 1949-1951թ.թ.՝Բրաբիոն Վարդազարյանը, 1951-1952թ.թ.՝Միհրդատ Օդաբաշյանը,1952-1955 թ.թ.՝ Սուրեն Ղազարյանը,1955-1979թ.թ.՝ Սուրեն Բասենցյանը, 1979-1998թ.թ.՝ Պարույր Գրիգորյանը,1998թ.մինչ 2017թ.-ը  Մարիետա Մադոյանը:Գործող տնօրենն է Հակոբ Մամուլյանը:                                                                                   
        1988թվական, երկրաշարժ… Դասերը կազմակերպվեցին տնակներում: 1999թ.   սկսվեցին դպրոցի քառահարկ շենքի ամրացման և վերականգնման աշխատանքները,որի արդյունքում շենքը դարձավ եռահարկ՝հիմնովին վերանորոգված և լուսավոր դասասենյակներով:                            
        2000թ.սեպտեմբերի 1-ին թիվ 2 դպրոցի շենքի բացման և առաջին զանգի  արարողություններին ներկա էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:                                                                                   
       Ժամանակի ընթացքում դպրոցը ոչ միայն կահավորվեց, այլ նաև համալրվեց նյութատեխնիկական բազայով: Աշխատանքային գործունեության ամբողջ տարիների ընթացքում դպրոցն աչքի է ընկել ակտիվ գործունեությամբ, մասնակցել մի շարք կրթական ծրագրերի, որոնք նպաստել են ուսուցիչների մասնագիտական զարգացմանը,նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Դպրոցը մասնակցել է միջդպրոցական, միջքաղաքային և հանրապետական բազմաթիվ միջոցառումների, արժանացել բարձր պարգևների: Դպրոցի շրջանավարտները մեծ ներդրում ունեն մեր երկրի հասարակական  քաղաքական  կյանքում, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի և այլ բնագավառներում: